Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ և Այգևան համայնքների խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, որ խաղողի մթերման գինը իջեցվել է մինչև 135 դրամ, մինչ նախորդ տարիներին կոնյակի համար մթերվող խաղողի գինը տատանվել է 150-160 դրամի սահմանում։
«Գինու համար նախատեսված սորտի գինը եղել է 220-230 դրամ, բայց այս տարի 160 դրամ է։ Մարդիկ պայմանագիր են կնքել «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի հետ։ «Արարատից» ու «Նոյից» էլ դեռ խաբար չունենք, չնայած, որոշ տեղերից լսել ենք, որ «Նոյն» էլ 130 դրամով է մթերելու։ Մենք երկարաժամկետ պայմանագրեր ունենք, բայց գինը նշված չէ,ամեն տարի մի գին է որոշվում։ Երկու տարի առաջ մենք պահանջեցինք, որ մեզ գին ներկայացնեն... և այս տարի գարնանը կոնյակի գործարանը մեզ ասաց 155 դրամ, բայց այսօր իմացել ենք, որ 140 դրամի մասին է խոսակցություն գնում։ Գնային փոփոխություններ են մտցրել»,- նշեց նա։
Բացի այդ, ակցիայի մասնակիցները նեղսրտում են, որ մարդկանց 15-20 տոննայի վերաբերյալ պայմանագրերը առանց որևէ զգուշացման «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է։
Մեկ այլ խաղողագործ էլ նշեց, թե այս տարի առանց որևէ բան ասելու խաղող մթերող ընկերությունը դադարեցրել է իր հետ պայմանագիրը, ու հիմա կանգնել է լուրջ խնդիրների առաջ:
«Էս գործընթացը հարատևելու ա մինչև լուծում տալը: Պարտադիր պետք ա լուծում ստացվի: Մարդիկ 8 ամիս տանջվել են դաշտերում, էսօրվա օրը կառավարությունը գումարը հատկացրել ա, իրենք իջեցնում են գները, վերջիվերջո, ինչ ա ստացվում, էդ հավելավճարը ո՞ւր ա գնում, ի՞նչ իրավունքով: Վերջապես պիտի կարողանա մարդը արժեք ստանալ իր տանջանքի դիմաց: Իսկ հիմա թույլ չեն տալիս: Եթե կառավարական լծակները նման լիազորություններ չունեն, որպեսզի ազդեն, ասենք, գործարանատերերի վրա կամ ընդունող կետերի վրա, մենք չգիտենք էլ՝ ինչ պիտի անենք: Դադարեցնե՞նք, այգիները կտրե՞նք, վերջացնենք, նստե՞նք դատարկ»,- ասաց խողողագործը:
Հավաքվածների հետ հանդիպեց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և ասաց, թե գնային քաղաքականությունը որոշում են մթերողները, ու այդ հարցում պետությունը չի կարող ոչինչ անել: Ըստ փոխմարզպետի՝ իր լիազորությունների շրջանակներում պետությունն ինչ ուներ անելու, արել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը