ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին եւ այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:
Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական եւ գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին:
Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետեւանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B», «B, C» կարգերի վարորդական վկայականներ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաեւ կաշառք տալու միջնորդության եւ կաշառք տալու փորձի համար եւս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի եւ մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը