Իմ մտքով նման բան չի անցել, որովհետեւ, եթե ես մի բան պետք է անեմ՝ անում եմ պատվով, ի սրտե, ու չեմ մտածում, արդյո՞ք մեդալ կլինի դրա համար, պարգեւի կարժանանամ։ Այս մասին հայտարարել է վարչապետի միջնորդությամբ , Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանարժանացած կապիտան Ռուբեն Սանամյանը։ Նա պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:
«Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», նշված է ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր Ֆեսյբուքյան էջում նշել է, որ կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:
«Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:
Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը», գրել է Շ.Ստեփանյանը:
ՀՀ ազգային հերոսը նշել է, որ պարտավոր է լինել ավելի մարտունակ, քո ջոկատի հետ միասին, քո զորքի հետ միասին, քո ժողովրդի հետ միասին, եւ անես այն, ինչը դեռ կիսատ ես թողել, շարունակես այդ գործը մեծ ոգով ու պատվով։
«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը իմ մեջ չի վերացել, չի էլ վերանա», ասել է Ռուբեն Սանամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը