Վերջերս ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որ ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ղեկավարությունն իրեն ուղարկել է կադրերի ռեզերվ:
Tert.am-ն այս առնչությամբ գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ հարցնելով, թե արդյոք ոստիկանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը «լայքն» է, թե այլ պատճառներ կան:
Ի պատասխան հարցման, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են.«Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Հակոբի Սարգսյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 15.02.2020 թ. թիվ 413-Ա հրամանով՝ համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ (ոստիկանությանում ծառայողների կադրերի ռեզերվը) հոդվածի, ՀՀ կառավարության 13.12.2002 թ. թիվ 2043-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու և ռեզերվից հանելու» կարգի 2-րդ կետի «դ» (կադրերի ռեզերվում գրանցվում են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողին այլ պաշտոնի փոխադրելիս՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր թափուր պաշտոն չլինելու դեպքում) ենթակետի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում»։
Ոստիկանությունից այլ մանրամասն չեն հայտնել, սակայն ըստ թվագրության, ստացվում է, որ Հայկ Սարգսյանին կադրերի ռեզերվ է ուղարկել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, ով 2020-ի փետրվարին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը