13 08 2020

Մանկատան սաներին բնակարան տալը հարցի լուծում չէ. Նիկոլ Փաշինյան



2003-2015 թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան նախկին շրջանավարտներին: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում: Խոսքն այն բնակարանների մասին է, որոնք նախկինում տրամադրվել էին մանկատան շրջանավարտներին՝ անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրել է, որ 2019 թ.-ին բնակարան ստանալու հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մյուս շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մանկատնից դուրս են եկել 1991 թ.-ից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել անշարժ գույք, նախարարության նախաձեռնությամբ տրամադրվում են բնակարանների գնման վկայագրեր, որոնք շրջանավարտներին հնարավորություն են տալիս ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: «Մեր խնդիրը չպետք է լինի մեր մանկատան սաներին բնակարան տալը, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մանկատան սաներին շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք մեկ-երկու տարի, հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում, եթե հետագայում գնանք այս դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան տվել ենք, դա լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, իսկ իրականում դա հարց չի լուծում»,- ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ