Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Yerevan.Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերադարձողներն իրենք են ցանկություն հայտնել հումանիտար օգնություն հասցրած ինքնաթիռներով վերադառնալ հայրենիք:
«Հաշվի առնելով, որ պատվիրակությունը նոր է վերադարձել, մեզ մոտ փոքր քննարկում պետք է լինի, որպեսզի ամբողջական պատկեր ունենանք, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեզ դիմել են այն քաղաքացիները, ովքեր պատրաստակամ են եղել կարճ ժամանակահատվածում վերադառնալ այն ինքնաթիռներով, որոնք մարդասիրական օգնություն էին տարել և պետք է էլի Հայաստան վերադառնային»:
Ինչպես նշեց Մանե Գևորգյանը, այս պահին էլ դեռ շարունակում են հավաքագրել բոլոր այն քաղքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ. «Նաև նրանց կարիքների գնահատում է լինում, այսինքն ովքե՞ր են ցանկացողները, ովքե՞ր բնակարանի կարիք ունեն այստեղ, գուցե կլինեն, որ բուժօգնության կարիք ունեն, աշխատանքի, կամ միգուցե ընդհանրապես որևէ բանի կարիք չունեն, որովհետև այստեղ ունեն բնակարան և այլն: Պետք է ասեմ, որ վերադարձածների մեծամասնությունը ՀՀ անձնագիր ունեցող մեր քաղաքացիներն են: Այս պահի դրությամբ խնդիրը դրված է եղել իրենց Հայաստան տեղափոխել, բայց նաև ով ինչի կարիք ունի, դա մինշանակ կազմակերպվելու է իրենց համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը