«Հետք»-ը գրում է․ «Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառ շրջապատելու են սրճարանը։
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։
Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։
Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։
Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։
«Ծառաբնի վրա պարզ երևում է բույսերից արտահոսող արտազատուկը, ինչը թեղիների շրջանում բավական տարածված մանրէային ջրգողության հետևանք է և միաժամանակ ցուցում՝ հիվանդ ծառերի տարածքից հեռացման համար։ Ծառերը ծանր ախտահարված են թեղու տերևակերով և հանդիսանում են նշված տարածքում վնասատուների տարածման պատճառ»,- արձանագրվել է ծառերի վիճակի ուսումնասիրության մեջ։
Բազմակի անգամ իրականացված խորը էտն առաջացրել է բազմաթիվ խոշոր վերքեր, որոնք բոլոր 4 թեղիների մոտ պատճառ են դարձել մանրէային վարակի զարգացման։
Ծառերի սաղարթների գագաթները չորացած են եղել, ինչը վկայել է արմատների և սաղարթի միջև կորելացիայի խաթարման մասին։ Ըստ ՀՈԱԿ-ի գնահատականի, խորը էտի հետևանքով ծառերի առողջ և գեղեցիկ սաղարթի ձևավորվումն անհնարին է։ Բացի վերոնշյալից, եհտազոտության պահին բույսերի վրա առկա է եղել առողջ սաղարթի ընդամենը 20-25 %, ինչն անխուսափելիորեն բերելու է բույսերի չորացմանը։
Եվ այդպիսով, մասնագետները եզրակացությամբ ամփոփել են, որ 4 թեղիներն ունեն խորը արմատային փտախտի նշաններ, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան։ Բացի դրանից, բույսերը զրկված են իրենց գեղագիտական տեսքից, ինչը շատ կարևոր է պուրակում բարեհարմար միջավայր ստեղծելու համար։
Հաշվի առնելով վերևում թվարկածները՝ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել իրականացնել 4 մանրատերև թեղիների սանիտարական հատում։ Փոխարենը, պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում իրականացնել փոխհատուցվող կանաչապատում՝ կազմակերպության կողմից նշված տարածքում։ Որպես տնկանյութ առաջարկվել է օգտագործել պուրակում արդեն իսկ առկա թխկիատերև սոսիներով (9 բույս), որոնց սանիտարահիգիենիկ և հոգեհիգիենիկ նշանակությունը, ըստ մասնագետների, տասնյակ անգամ գերազանցում է հատման ենթակա 4 մանրատերև թեղիներին։
Թեղիները երկար տարիներ տվյալ տնտեսվարողի՝ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի տարածքում և նրա հոգածության տակ են եղել, և թե ինչու են այդ վիճակին հասել, ծառերի մասնագետները ոչինչ չեն նշել։ Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասուլիսի ժամանակ այդպես էլ չպատասխանեց լրագրողների հնչեցրած հարցերին, թե որևէ մեկը պատասխանատվություն կրել է թեղիներին նման կերպ հոգ տանելու կամ վնասներ պատճառելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը