06 08 2020

Արցախում միջոցառումների ժամանակ կթույլատրվի մինչև 60 անձի ներկայությունը

Արցախում միջոցառումների ժամանակ կթույլատրվի մինչև 60 անձի ներկայությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:

«Հանրապետությունում տիրող համավարակային իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները:

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն նշել է, որ վերջին օրերին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։ Պարետի խոսքով՝ հաշվի առնելով հիվանդության նոր դեպքերի բացակայությունը՝ շուտով կվերացվեն Մարտակերտի շրջանի Հաթերք և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժման սահմանափակումները։

Հարությունյանը դրական է գնահատել համավարակի դեմ պայքարի ընթացքը և հանձնարարել շարունակել միջոցներ ձեռնարկել համավարակի կանխարգելման և հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանը հավանության է արժանացրել նաև պարետի առաջարկությունը, համաձայն որի՝ առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:

Հանրապետության նախագահը միաժամանակ ընդգծել է, որ բացասական հետևանքներից զերծ մնալու համար սահմանափակումների որոշակի թուլացումը պետք է անվերապահորեն ուղեկցվի բոլոր օղակներում վերահսկողության խստացմամբ, և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին»,-նշված է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ