Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին ասվում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդմաներին:
Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար»,- ասված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը