Alternativ.am-ը գրում է․
«Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի, նույն ինքը՝ «Շիշ բռնողի» անվան հետ կապված հերթական սկանդալն է: Սևանի «White Shorja» լողափին նրա մասնակցությամբ տեղի ունեցած երեկույթից հետո սոցցանցերում երկու տիպի քննարկումներ ակտիվացան. առաջին՝ իշխանական պատգամավորն անտեսում է իր իսկ քաղաքական թիմի՝ հակահամավարակային անվտանգության կանոնները, և երկրորդ՝ պատգամավորը կապ ունի վերոնշյալ լողափի հետ, ասել է թե՝ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Առաջին փաստը իշխանական խմբակցությունը իրեն հատուկ կերպով փորձեց լղոզել՝ «մի պահ է այնտեղ եղել», «ներողություն է խնդրում», «տուգանվել է» և այլն… իսկ երկրորդ փաստը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, «Շիշ բռնողը» «չորով» հերքեց՝ ոչ մի կապ չունի և վերջ:
Հալած յուղի տեղ չընդունելով իշխանական պատգամավորի ասածը՝ փորձեցինք մանրամասներ պարզել Սևանի «White Shorja» լողափից, և արի ու տես, որ մանրամասների մեծ մասը կապված էր հենց Սարգսյան եղբայրների հետ:
2016 թվականի հայտարարություններից մեկի վրա հեռախոսահամար տեսնելով՝ հավելվածով որոնեցինք այն և տեսանք, որ պատկանում է Հայկի եղբորը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:
Ընդ որում, ուշագրավ էին հատկապես Նաիրի Սարգսյանի դիմաց գրված գրությունները: Համաձայն դրանց՝ մինչ հեղափոխությունը Նաիրի Սարգսյանը ոչ միայն զբաղվել է լողափին փարթիների կազմակերպմամբ, այլև հեծանիվների վարձակալությամբ է զբաղվել, ավտոպահեստամասերի գործ է արել, և որ ամենաուշագրավն է, «լայքերի» վաճառքով է զբաղվել: Կարելի է ենթադրել, որ հիմա էլ հին փեշակից չի հրաժարվել և հարկ եղած դեպքում օգնում է ՊՈԱԿ-ին, երբ ֆեյքերի առումով «նեղն են ընկնում»:
Ինչևէ, վերադառնանք հիմնական թեմային: Բացի նրանից, որ փաստացի ապացուցվում է, որ Սարգսյան եղբայրներից գոնե մեկը մինչև հեղափոխությունը տնօրինել է լողափը, մյուսն էլ նույն լողափում բազմաթիվ լուսանկարներ ունի՝ թե՛ միջոցառումների ժամանակ, թե՛ դրանց նախապատրաստական աշխատանքների ընթացքում:
Ստացվում է, որ բիզնեսը, որով եղբայրները զբաղվել են մինչև հեղափոխությունը, պաշտոնյա դառնալուց հետո գրանցել են իրենց ընկերոջ անունով՝ փաստացի շարունակելով մնալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող:
Հետաքրքիր է, թե ինչպես է այս հարցին նայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Չէ՞ որ նա բազմիցս հայտարարել է, որ իր թիմում արտոնյալներ չկան, և օրենքը բոլորի համար է օրենք: Տեսնենք... եթե Հայկ Սարգսյանը այսքանից հետո նորից չզրկվեց պատգամավորական մանդատից, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը