28 07 2020

Մենք այդ ադրբեջանցի կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի. Աննա Հակոբյան

Մենք այդ ադրբեջանցի կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի. Աննա Հակոբյան

Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Ինչպիսի՞ արձագանք է գտել Աննա Հակոբյանի խաղաղության կոչը։ Արդյոք ադրբեջանցի կանայք միացե՞լ են արշավին, գրանցվե՞լ են կայքէջում։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և համանուն կայքէջը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում: Վերջին օրերին կայքէջը տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Հարկ է նշել, որ գրանցվողները նույնպես մեծ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ խղճի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ապա մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի:

Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է 2018թ. հուլիսի 24-ին, Մոսկվայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ