Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված և Ռուսաստանի հայերի միության թեժ գծին դիմած յոթ հայեր առավոտյան ազատ են արձակվել, այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք խնդրում ենք ձեզ չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու հայտարարություններին, որոնք խաղում են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների ներկայիս հուզական վիճակի վրա»,- ասված է կազմակերպութան հայտարարության մեջ։
Ինչպես նշում է ՌՀՄ-ն, «այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում անգամ իրենց ընտանիքի ներսում, սակայն ֆեյսբուքյան լայքերի համար անպատասխանատու կոչեր են հրապարակում և ելույթ են ունենում իրենց ժողովրդին և երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ իրար խառնելով մեր համայնքը»։
Վերջում կազմակերպությունը զգոնություն և հանգստություն պահպանելու կոչ է արել։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը