Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված:
Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետևողական մինչև առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել, պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր իհարկե պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:
«Որովհետև հիմա բոլոր հարցերը քննարկելիս երկու նժար կա՝ մեկն առողջապահական, մյուսը՝ տնտեսական, պետք է այդ նժարներից մեկի՝ համավարակի հարցը լուծել, և լիարժեք անցնել տնտեսության վերականգնման օրակարգին, որն իհարկե առաջնահերթություն է մեր երկրի համար: Կրկին ուզում եմ ընդգծել, որ տնտեսությունն առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն»,-ընդգծեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը