21 07 2020

Սևանում նկատվում է կապտականաչ ջրիմուռների ակտիվություն

Սևանում նկատվում է կապտականաչ ջրիմուռների ակտիվություն

 

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը․

«Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես մեծ Սևանի, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։

Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

 2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

 Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։

 Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

 Հավելենք նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։

 

Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ

 ընտրվել են 3-ը.

 Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում,

 Ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան

 Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

 Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ