Մոսկվայում Հայաստանից ներկրված մրգերի առեւտուրը նորմալացվել է, «Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել ժամանող բեռնատարները։ Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ում իրավիճակին։ Եթե բեռների սեփականատերերը որոշեն վերադառնալ այնտեղ, մեզ խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Երկու մեքենայի հաջողվել է մուտք գործել գիշերը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ վերադառնում են նորմալ աշխատանքի։ Ընդ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում Հայաստանից ներկրված մրգերի առեւտրի ու մատակարարման խնդիրներ չկան։ «Տեսնենք՝ կցանկանա՞ն արդյոք մարդիկ ժամանել «Ֆուդ սիթի» կամ կընտրեն այլ վայրեր»,-նշել է նա։
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը քննարկել են իրավիճակը «Ֆուդ սիթի» պարենային շուկայում հայկական ապրանքների մուտքը չթույլատրելու կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նեմերյուկի խոսքով՝ կիրակի Հայաստանից բեռնատարները մուտք են գործել շուկա եւ խնդիրներ չեն եղել:
«Ես քիչ առաջ դեսպանի հետ եմ խոսել, ոչ մի խնդիր չկա, ծիրաններն ամբողջովին վաճառվել են, իսկ «Ֆուդ սիթի»-ում այսօր երեք բեռնատար է մուտք գործել, նրանք ոչ մի խնդիր չունեն»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը