Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Այգեպար համայնքում հակառակորդի ռազմական գործողությունների հետեւանքով վնասված տների նորոգումն արդեն սկսվել է։
«Մենք ունեցել ենք խաղաղ օր, բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ Առաջնահերթ մենք վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում, եւ հնարավոր է արագ տունը բերել ապրելու վիճակի։ Աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես, աշխատանքները իրականացվում են շատ ակտիվ՝ հատկապես Այգեպար գյուղում։ Վաղը աշխատանքները կսկվեն նաեւ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում։ Բնակիչներն ինձ ասում էին՝ արդյոք չե՞նք շտապում, բա որ նորից կրկնվի, նորից հրետակոծություններ լինեն, ես պատասխանել եմ՝ ոչ, մենք պետք է անմիջապես անցնենք նմանատիպ վերականգնողական աշխատանքների։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր բնակիչները մեզ վաղը նման հարց չտան, այլ իմանան, որ քաղաքակիրթ կյանքն իրենց արժանի վիճակ՝ անկախ նրանից՝ սահմանին ինչ իրավիճակ է»,- ասաց մարզպետը։
Մարզպետն ասաց, որ այսօր 10 անդամից բաղկացած ընտանիքի տան նորոգման աշխատանքներն են սկսել. «2 տղան զինվորականներ են եւ իրենց ընտանիքներով ապրում են ծնողների հետ միասին. սա տիպիկ օրինակ է սահմանին ապրող ժողովրդի»։
Հարցին՝ սահմանային լարվածության ֆոնին արդյոք շարունակվո՞ւմ են կառուցապատման եւ շինարարական աշխատանքները, Հայկ Չոբանյաննա ասաց, որ շարունակվում են, դադարեցված են եղել միայն երեկ. «Բացառություն է եղել միայն երեկ, որովհետեւ յուրահատուկ անկանոն օր էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը