17 07 2020

Ինչպե՞ս է կառավարությունը վավերացնելու ՀՊՏՀ ռեկտորի խոցելի ընտրությունը

Ինչպե՞ս է կառավարությունը վավերացնելու ՀՊՏՀ ռեկտորի խոցելի ընտրությունը

 

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը: Մրցույթին մասնակցում էին բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը: Ռեկտորին ընտրում է ՀՊՏՀ խորհուրդը:

Մինչ այդ, հուլիսի 9-ին ԲՈԿ-ը Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել:

Երբ արդեն մեկնարկել էր ՀՊՏՀ խորհրդի նիստը, նիստի ընթացքում ԲՈԿ-ն իր կայքում հրապարակեց հրամանը, որով Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչվեց:

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության 06.10.2006թ.-ի թիվ 1718-Ն որոշման հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության 24-րդ կետի` «Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը»:

Չնայած այդ հանգամանքին, համալսարանի խորհուրդը շարունակեց նիստը և ռեկտոր ընտրեց Դիանա Գալոյանին:

Միևնույն ժամանակ նշենք, որ ըստ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի՝ «Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Կառավարությունը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն»:

Նշենք նաև, որ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը Ատենախոսության գործով դատը հաղթել էր և հայց էր ներկայացրել կասեցնելու համալսարանի ռեկտորի ընտրության գործընթացը, որը ևս բավարարվել էր: Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մրցույթի արգելանքն առնվազն 7 օր ուժի մեջ է լինելու, որը գործում է մինչև ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ:

Օրենքի կոպտագույն խախտումներով ընդամենը մի քանի ժամ առաջ կիրառված արգելանքի վերացման մասին աննախադեպ որոշումը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ՉԷ, որովհետև, բնականաբար, այն բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան, որի համար օրենքով նախատեսվում է 7 օր»:

Ստացվում է, որ ոչ միայն որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն է անցկացվել օրենքի ենթադրայլ խախտումով, այլ նաև ընտրվել է թեկնածու, որը օրենքի առումով ևս չէր կարող դառնալ ռեկտոր: Մնում է հասկանալ, թե այսչափ իրավական առումով խոցելի ընտրությունը կառավարությունը ինչպե՞ս է վավերացնելու և ի՞նչ հիմնավորումներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ