17 07 2020

Իշխանի մոտ 300․000 մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ

Իշխանի մոտ 300․000 մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։

Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի աշխատակիցները։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ