15 07 2020

ԶՈւ-ն խոցել է հակառակորդի 13 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

ԶՈւ-ն խոցել է հակառակորդի 13 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 12-ից սկսած մինչեւ երեկ գիշեր մեր զինված ուժերը խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը հարվածային եւ 3-ը՝ հետախուզական: Այս մասին ճեպազրույցում ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա պետք է նշեմ, որ բավականին բարձր ցուցանիշ է»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով` ընդհանուր օպերատիվ իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգիստ է եղել, ըստ էության, կրակոցներ եւ հատկապես մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել:

50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ:

Հովհաննիսյանը հավելեց, որ մեր Զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին:

«Հակառակորդի զինված ուժերի թե ցամաքային և թե օդային սադրանքներին ՀՀ զինված ուժերը պատրաստ են տալ համարժեք հակահարված»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք օգտագործել ենք զինատեսակների մեծ տեսականի, իհարկե խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափի ամենահեռահար միջոցների մասին, դրա անհրաժեշտություն չի եղել, քանի որ կոնֆլիկտի ծավալները լոկալ են»։

Արծրուն Հովհաննիսյաի խոսքով` շուտով կլրանա հրադադարի 24 ժամը, այն կարող է ունենալ թե ռազմական, թե այլ բաղադրիչներ:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը եւ հակադարձեց` ասելով, որ խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել, որեւէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել, եւ այս առումով այդ հայտարարությունը կեղծիք է:

Անդրադառնալով վիրավորների վիճակին` Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ