Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է․
«Ցավոք սրտի ԿԳՄՍ նախարարը, ով չորս կարևոր գերատեսչությունների պատասխանատուն է, երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, արեց որակումներ և հայտարարություններ, որոնք ուղղակի մտահոգություններ առաջ բերեցին։
Նախարարի երեկվա հարցազրույցը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն չի քննարկել հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այլև պատրաստ չէ քննարկման։ Այսինքն՝ գործ ունենք ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ հետ, այն էլ բացարձակ ՍՏԻ։
Լավ է, երբ դպրոց ավարտող քաղաքացու մեջ ուզում են տեսնել քննական միտք և վերլուծություն անող անհատ, սակայն վատ է, երբ այդ անհատը պիտի ունենա քննական միտք, բայց չունենա ազգային մտածողություն և կրողը չլինի իր ազգային-հոգևոր ժառանգության և արժեհամակարգի։ Լավ է, որ որոշել են պատվիրանները հայոց դպրոցներում լավ սովորեցնել, բայց մտահոգիչ է, որ մեր վաղվա քաղաքացու բարոյական կերպարը կերտող և ինքնությունը ճանաչեցնող «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկայի ապագան մշուշում են։ Լավ է, երբ ցանկանում են կերտել բարոյական քաղաքացի, բայց վատ է, երբ «բարոյականություն» բառը լսելիս հավասարակշռությունը կորցնում են. և փոխարենը փարատելու մարդկանց մտահոգությունները, Հանրային հեռուստաընկերությամբ խախտում են էթիկայի տարրական կանոնները։
Նախարարի բարձր պաշտոնը ստանձնած անձի ոչ հարիր բառապաշարը և անտեղի ձևակերպումները ստվերում են ԿԳՄՍ չափազանց կարևոր գերատեսչությունները։
Գաբրիել քահանա Վարդանյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը