Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Ուկրաինայի կառավարությունը որոշակի փոփոխություններ և ճշգրտումներ է մտցրել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտքի և գտնվելու ժամանակավոր կարգում։ ՀՀ դեսպանության՝ հունիսի 15-ին հրապարակած՝ Ուկրաինա մուտք գործելու կանոնները մնում են ուժի մեջ:
Կանոններում նոր հավելումները, որոնք կիրառելի են ՀՀ քաղաքացիների համար, հետևյալն են․
1. COVID-19-ի զգալի տարածվածություն ունեցող պետություններից ժամանող օտարերկրացիների նկատմամբ պարտադիր օբսերվացիայի կամ ինքնամեկուսացման պարտադիր պայմանը կարող է չեղարկվել, եթե օտարերկրացին COVID-19-ի աշտորոշման թեստավորում է անցնում սահմանը հատելուց հետո ՊՇՌ եղանակով և այդ թեստավորման արդյունքը բացասական է։
2. Հստակեցվել են սահմանային վերահսկողության ընթացքում Ուկրաինայի իրավասու մարմիններին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի մաս կազմող բժշկական ապահովագրության նկատմամբ պահանջները։ Այդպիսի ապահովագրության պայմանագիրը (սերտիֆիկատը, վկայագիրը) պետք է տրված լինի Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության, կամ Ուկրաինայում ներկայացուցչություն ունեցող օտարերկրյա ապահովագրական ընկերության, կամ ուկրաինական ապահովագրական ընկերության հետ փոխօգնության պայմանագիր ունեցող օտարերկրյա ընկերության կողմից, և որը ծածկում է COVID-19-ի բուժման, օբսերվացիայի հետ կապված ծախսերն ու վավեր է անձի՝ Ուկրաինայում մնալու տևողության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը