23 06 2020

Օրհներգը զովացուցիչ ըմպելիքի գովազդ չէ, որ ամեն օր հնչի․ ՀՌՀ նախագահ

Օրհներգը զովացուցիչ ըմպելիքի գովազդ չէ, որ ամեն օր հնչի․ ՀՌՀ նախագահ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «Քանակական հայրենասիրություն» վերնագրով գրառում է կատարել՝ անդրադառնալով հեռուստաեթերում ՀՀ օրհներգի պարտադիր կատարմանը: 

«Ազգային ժողովում ՀՌՀ տարեկան հաղորդումը ներկայացնելիս եւս մեկ անգամ հնչեցրեցի իմ այն կարծիքը, որ ՀՀ Օրհներգի պարտադիր կատարումը 24.00-ին բոլոր հեռուստառադիոընկերությունների եթերում վիճելի նորմ է, և այդ օրենսդրական պահանջը անհրաժեշտ է ձեւափոխել:

Այդ տեսակետը բուռն արձագանքի արժանացավ որոշ հանրային անձերի, լրագրողների և սոցցանցերի օգտատերերի կողմից: Մի քանի գրառումներում իմ այս կարծիքը նույնիսկ որակվեց որպես եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի, ազգային արժեքների դեմ միտված քայլ: Ցավով պետք է արձանագրեմ, որ մեզանում անչափ շատ են մարդիկ, որոնց մոտ բացակայում են թե մտավոր գործողություններ կատարելու ունակություններն ու ցանկությունը, թե այդպիսի գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գործիքակազմը:

 

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձեմ կարճ փաստարկել իմ տեսակետը:
Ցանկացած երկրում պետական/ազգային Օրհներգը քաղաքական իշխանության գործիքներից մեկն է: Այլ ֆունկցիաներ կատարելու հետ միասին այն կարգավորում է մարդկանց վարմունքը, համախմբում և ոգեւորում է նրանց, խորհրդանշում է քաղաքացիների սերը, հպարտությունը, հարգանքը առ սեփական պետություն:

Այդ է պատճառը, որ Օրհներգի կատարումը ուղեկցվում է համապատասխան արարողակարգով (ներկաները ոտքի են կանգնում, դադարեցնում են շարժումներն ու աղմուկը և այլն): Չմոռանանք նաև որ այն կատարվում է հանդիսավոր և ուրեմն սահմանափակ առիթներով: Բայց անհասկանալի տրամաբանությամբ լիցենզավորված բոլոր հեռուստառադիոներին օրենքով պարտադրեցին օրը երկու անգամ հնչեցնել պետության խորհրդանիշներից մեկը:

Ասածս այն է, որ Օրհներգը ոչ զովացուցիչ ըմպելիքի գովազդ է, ոչ էլ հիթ-շքերթի առաջին տեղը զբաղեցնող երգ, որ ամենօրյա ռեժիմով հնչի տասնյակ հեռարձակողների եթերում: Որ ներխուժի մարդկանց բնակարան, երբ քաղաքացին չի սպասում այն, պատրաստ չի ընկալել, խորությամբ զգալ երկրի ամենագլխավոր երաժատական և խոսքային ուղերձը»,- նշել է Հակոբյանը և բերել օրինակներ:

«Մոտենում է կեսգիշերը…: Գինովցած ֆուտբոլասերները Երևանի փաբերից մեկում լարված հետևում են սիրված թիմի հերթական հարձակմանը և հասունացող գոլի պահին խաղը ընդհատվում է Օրհներգով: Դուք՛, հարգելի երդվյալ հայրենասերներ, տեսե՞լ եք ֆուտբոլասերների էմոցիոնալ արձագանքը այդ պահին:

Նորից մոտենում է կեսգիշերը… Տան տնտեսուհին հերթական սերիալն է դիտում, և սիրավեպի կուլմինացիոն վարկյաններին պատկերը մեկ ակնթարթում փոխվում է՝ առաջացնելով տիկնոջ հիասթափությունը»,- մանրամասնել է Հակոբյանը։

«Եւ օրեցօր կրկնվող հարյուրավոր նմանատիպ իրավիճակներում Օրհներգը փոխակերպվում է ծաղրանքի, ենթարկվում է անարգանքի, դառնում է կեղծ: Հայրենասիրությունը, հարգանքը քանակական չափորոշիչ չպետք է ունենա:
Կան փոքրատիվ երկրներ, որտեղ հեռուստա և ռադիոընկերությունները հեռարձակում են Օրհներգը առավոտյան և երեկոյան, սակայն միայն հանրային կամ պետական ալիքներով (Կոլումբիա, Թայլանդ, Տանզանիա, այլ):

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային օրհներգը, օրինակ, հնչում է Հոնգկոնգի հեռուստաալիքներով լուրերի երեկոյան թողարկումներից առաջ: Եւ դա հստակ քաղաքական ուղերձ է հոնկոնգցիներին՛ ձեր երկիրը արդեն Չինաստանի անբաժանելի մասն է, և դուք ՉԺՀ-ի քաղաքացիներ եք: Հայաստանցիներս օրը երկու անգամ (այն էլ ընդմիջելով կեսգիշերային ժանրի հաղորդումները) ինչ-որ մեկին պետք է բացատրենք, որ մեր երկիրը մերն է, և մենք այս երկրի քաղաքացինե՞ր ենք»,- գրել է ՀՌՀ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ