20 06 2020

Փախստականները քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ

Փախստականները քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:

«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետեւաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) վերջերս հրապարակել է փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների եւ ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացնում են մշտադիտարկման այցերին հատուկ հաստատություններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից իրականացվում է սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկում:

Ոլորտում իրականացվում են շահագրգիռ կողմերի միջեւ վերապատրաստումներ ու քննարկումները, Պաշտպանն առանձին զեկույց է հրապարակել ախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ՝   կատարելով նաեւ օրենսդրության եւ Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ առաջարկներ:

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի, ՀՀ Միգրացիոն ծառայության եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն համատեղ նախաձեռնած առցանց համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ այլք:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար, իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին միջոցառման կազմակերպման եւ ոլորտն ուշադրության ներքո պահելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ