Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:
Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը