Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղաթիռ։
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։
Իր հերթին օգտատերերից Նարինե Կիրակոսյանը Facebook-ի իր էջում նկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
Այրվում է գիհուտի նոսրանտառ «Խաչաձոր» և «Խոսրով» տեղամասերի տարածքում։ Ըստ արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի նախնական վարկածի, հրդեհի բռնկման հավանական պատճառը կարող է բնածին լինել․ նշված հատվածում կայծակ է նկատվել։
Դեպքի վայր են մեկնել արգելոցի արագ արձագանքման ջոկատայինները, հրշեջ տեխնիկայով։ Հրդեհի ընդգրկման ծավալների մասին հստակ տեղեկություն դեռ չկա։ Ըստ տեղաբնակ մեղվապահների հրդեհը նկատել են առավոտյան ժամին, իսկ տեղեկություն արգելոցին հայտնել են կեսօրին մոտ։ Տեղանքը դժվարանցանելի է և բարդ է հասնել հակաշիջման գործընթացը արագ կազմակերպելու համար։
Լուսանկարներն ու տեսանյութը դեպքի վայրից տրամադրել է մեղվապահ Արթուր Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը