07 10 2024

Ինչ վնասներ է հասցրել «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհը

Ինչ վնասներ է հասցրել «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։ Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը, ԲԱՎ հերթապահ խումբը, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը և հերթապահ հոգեբանը։

Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ