Արցախի տեղեկատվական շտաբից հերքում են Շուշիի հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով ախտորոշմամբ հիվանդի նկատմամբ համապատասխան վերաբերմունքի բացակայության մասին պնդումները:
«Դրանք չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ քաղաքացին մեկուսացված էր Շուշիի հյուրանոցներից մեկում, սակայն ցանկություն էր հայտնել տեղափոխվել հիվանդանոց: Առողջապահության նախարարությունն ընդառաջել է հիվանդի ցանկությանն ու նրան տեղափոխել Շուշիի տեղամասային հիվանդանոց: Քաղաքացին այստեղ էլ դժգոհել է հիվանդասենյակի պայմաններից, բուժաշխատողների վերաբերմունքից, պնդել, որ իրեն նորից տեղափոխեն հյուրանոց:
Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել, և մինչ կկատարեին քաղաքացու պահանջը՝ 1 ժամվա ընթացքում նա նոր պայման է առաջադրել՝ տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Այդ ընթացքում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող պացիենտին անձամբ զննել է տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և բուժաշխատողների ուշադրության առումով որևէ խնդիր չկար: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով հիվանդի ապրումներն ու հաճախ արտահայտվող հուզականությունը և կրկին ընդառաջելով քաղաքացուն՝ որոշում է ընդունել նրան վաղը տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ հաշվի առնելով հիվանդանոցի այս պահին առկա ծանրաբեռնվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը