30 05 2020

Ամեն օր արվում է այնքան թեստ, որքան անհրաժեշտ է. Նիկոլ Փաշինյան



Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է գտնվում, 58-ը՝  ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման հարցին միացված է 15 պացիենտ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շաքարային դիաբետ եւ բարձր զարկերակային ճնշում ունեցողների շրջանում։ Դրանք շատ տարածված են Հայաստանում, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ դրանք բացահայտվել են պացիենտի հոսպիտալացումից հետո, մինչեւ վարակվելը չեն իմացել»,- ասաց նա։

Վարչապետը նշեց՝ չնայած երեկ նախօրեի համեմատ կորոնավիրուսով դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակաբանական իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում։ ։

«Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, մենք այս ընթացքում էլի ունեցել ենք նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո էլի դեպքերը աճել են։ Նկատի ունեմ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար արդյոք այսօրվա նվազումը որեւէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտ է, այդպես է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Նա նաեւ հայտնեց, որ ոստիկանությունը օրվա ընթացքում մոտ 1300 վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություն է կազմել,  տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաաջարկ են ներկայացրել պարետատանը։

Անդրադառնալով բողոքին, թե ինչու են նույն ընտանիքի անդամները տուգանվում, նա հիշեցրեց, որ փակ տարածքի կարգավիճակ է տրվել, ինչպես առեւտրի կետերին, այնպես էլ մեքենաներին։

«Հասարակական վայրերում նույն ընտանիքի անդամները պետք է կրեն դիմակներ։ Ընտանիքի անդամի հետ առանց դիմակի շփումը հնարավոր ենք համարում միայն տնային պայմաններում»,- ասաց նա։

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը ավարտել է լաբորատոր փորձարկումները ու դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումները կազմակերպելու համար։

«Առողջապահության նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսը ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ թեստավորումները իրականցվում են ըստ ցուցումների:

«Գիտեք, որ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ