Հալեպում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։
«Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 200 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ: Հալեպի իշխանություններին հանձնվեցին նաև ականազերծված տարածքների քարտեզները, ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները:
Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Ահմեդ Յասինը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հակամարտող կողմերի հաշտեցման Հալեպում տեղակայված ռուսական կենտրոնի ղեկավարությունը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով հյուրերին` Արկադի Տոնոյանը համառոտ ներկայացրեց ականազերծման գործառույթները և ընթացիկ տարում կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.
«Գարնանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ սակրավորները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 5 հեկտար հողատարածք. հայտնաբերել և վնասազերծել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը