26 05 2020

Սա ձեր թիմի ամոթն է, ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյան

Սա ձեր թիմի ամոթն է, ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա՝ մայիսի 26-ի նիստի սկզբում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը:

«Հաշվի առնելով, որ առնվազն «Իմ քայլը» խմբակցությանը այս հարցի մասին տեղյակ են պահել ավագանու նիստից ընդամենը 2 շաբաթ առաջ, իսկ հարցը լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը ուսումնասիրության: Ինչպես նաև հաշվի առնելով, որ ԵԿՄ-ին չի առաջարկվել և քննարկվել բացի այս տարածքներից իրենց կողմից զբքաղեցրած տարածքներից, որոնց մեծ մասը գործող կամ նախկին մանկապարտեզների տարածքներ են, այլ տարածքներ: Օրինակ, չի առաջարկվել թիվ 119 մանկապարտեզից տեղափոխվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվողն Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Ավետիսյան 5 հասցե: Կամ Պարոնյան 20/4 հասցեի նախկին մանկապարտեզի շենքից տեղափոխվել Մաշտոցի 1/3 տարածք:

Նաև ուզում եմ նշել, որ պատերազմի վետերաններից կազմված ՀԿ-ների, այդ թվում ԵԿՄ-ի հետ կարծում եմ՝ ավելի բովանդակային համագործկցություն պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանը: Վետերանների առողջության խնդիրների համայնքապատկան հիմնարկներում բուժման հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական վատ վիճակում գտնվող պատերազմի մասնակիցներին աջակցության ընդլայնմանը»,-ասաց նա:

Ասվածին բուռն արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով. «Այն ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Դրանք մեր պետության պատիվն են ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս անդրադարձան նախագծին՝ նշելով. «Այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղասքապետարանը 6-8 ամիս աշխատել է:  Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Եղել է հանձնարարական, որ միասին աշխատենք: Երկար ժամանակ աշխատել ենք, ամեն տարածքը առանձին-առանձին քննարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից: Այդ  գրասենյակների մի մասը թանգարաններ են, դրանց մի մասում զոհված ազատամարտիկների  ընտանիքներն են հավաքվում: Ոոր դեպքերում տեղափոխվել են այլ տարածքներ: Սրանք տարածքներ են, որտեղ կան թանգարաններ, փառքի անկյուններ: Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ և քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ: Դա իրենց սկզբունքներից է բխում: Բնականաբար, չեն կարող խանգարել այդ պրոցեսին»,-հայտարարեց Մարությանը:

Քաղաքապետը դրեց առաջարկությունը քվեարկության. Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ