Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Վարդան Մելիքյանը հերթական անգամ գառներին սար տանելու նպատակով ականատես է լինում դաժան դեպքի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերը հոշոտել են նրա ապրուստի միջոց գառներին ու ոչխարներին, ինչի հետևանքով 122 գառ ու ոչխար սատկել են, 30-ից ավելին էլ վնասվածքներ է ստացել, որոնց մի մասը չեն ապրի։
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Չգիտենք՝ ում դիմենք՝ Գեղարքունիքի մարզպետի՞ն, թե՞ կառավարությանը։ Էս ընտանիքը վարկ էր վերցրել ու սրանով էին զբաղվում։ Հիմա փաստի առաջ են կանգնել։ Ուզում ենք հավատանք, որ մարզպետարանն ու կառավարությունն անօգնական չեն թողնի Վարդանին։ Ընտանիքի անդամներն առավոտից իրիկուն հողի հետ կենաց-մահու պայքար են տվել, զբաղվել են անասնապահությամբ։ Հիմա տարվա վերջ պետք է էղածը վայելեր, եկամուտը վաճառեր, նախ վարկերը մուծեր, իսկ մի քանի կոպեկ էլ դներ տան վրա, իսկ հիմա ընտանիքի անդամները փաստի առաջ են կանգնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը