Ընդունված որոշումներն իրագործման առումով խնդրահարույց են լինելու. մասնավորապես, ասվում է, որ հանրային միջոցառումներին կարող են մասնակցել մինչև 5 մարդ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում դիմելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Պատկերացրեք, ռեստորանում սեղանի շուրջ նստած են 5 հոգի, և դահլիճում կա 100 սեղան: Այսինքն 500 մարդ կարող է նստել, բայց մենք ասում ենք՝ հարսանիքներն արգելվում են: Այսինքն կարող են 500 հոգով նստել ու այդ հարսանիքն իրականացնել: Ստացվի, որ կարգ չեն խախտել: Մյուս կողմից, եթե պետք է դիմակով սննդի օբյեկտում նստեն, րոպեն մեկ պետք է դիմակը հանի մի կտոր հաց ուտի, հետո դնի՞»,-ասաց նա՝ կոչ անելով չւնդունել որոշումներ, որոնք չեն իրագործվելու:
Ի պատասխան Ավինյանն ասաց. «Ձեր ասած 5 հոգանոց սեղաններով հարսանիք կազմակերպելը հնարավոր չէ, որովհետև դա ոչ թե 5 հոգանոց այլ 500 հոգանոց միջոցառում է, որն արգելվում է: Այդ դեպքում ոստիկանությունը գալու է, կասեցնելու է և տուգանելու է այդ անձանց:
Եթե դուք ասում եք, որ դիմակ կրելն անհարմարություններ է պատճառում, ես ձեզ վստահեցնում եմ, որ վարակվելն ավելի մեծ անհարմարություններ է պատճառելու: Այդ վարակի տարածումը հասարակության համար խնդիր է դառնում: Շատ երկրներ դրա միջով անցել են, և մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, մարդիկ մեր աչքի առաջ մահանան: Այո, անհարմար է, այո, թանկ է, բայց այս պահանջները նրա համար են, որ չգնանք վատ երկրների սցենարով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը