04 05 2020

Արցախում վրանային հոսպիտալ և բուժսանիտարական կետ են բացազատել

Արցախում վրանային հոսպիտալ և բուժսանիտարական կետ են բացազատել

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին: Այս մասին վկայակոչելով  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը։

ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն, ըստ  Արցախ / Տեղեկատվական շտաբի, իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Աղբյուրը նշել է,  որ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ:

«Բացազատված վրանները ներկայացված քանակով չեն սահմանափակվում. ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայում առկա է լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություն», նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ