«2018 թվականի Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում խախտման 241 դեպքի մասին գրառում է կատարվել»,- ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով ՀՀ ԿԸՀ 2018-19 թթ. գործունեությունը։
Նրա խոսքով, 475 տեղամասերից միայն մեկում է հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվել։
«Պետք է վկայել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ԿԸՀ գործողությունների վիճարկումներ դատարանում չեն եղել, ինչպես նաև դատական կարգով չվիճարկվեցին ընտրության արդյունքները։ 2018-19 թթ. ընթացքում մենք 170 համայնքներում անցկացրել ենք ՏԻՄ ընտրություններ, 2018-ին 3 օր է հատկացվել այդ ընտրություններին, իսկ 2019-ին՝ 4 օր։ Այս ընթացքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի 1011 թեկնածու էր առաջադրվել, ինքնաբացարկ է ներկայացրել 95 թեկնածու։ Մենք չենք ունեցել որևէ թեկնածուի գրանցման մերժում»,- ներկայացրեց Մուկուչյանը։
Ըստ նրա, 2 տարիների ընթացքում ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի եզակի դիմումներ են եղել, բայց անգամ այն դեպքում, երբ դիմումը չի ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից, հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ անցկացրել են։
Տ. Մուկուչյանն ասաց, որ 2018-19 թթ. ընթացքում ԿԸՀ է ստացվել վերահաշվարկի 18 դիմում, որոնցից 6-ը ոչ իրավասու սուբյեկտների կողմից։
ԿԸՀ նախագահը նշեց, որ իրենք ունեն առաջարկ՝ կապված «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անելու հետ։
«Արտահերթ ընտրությունների անցկացման առումով խնդիրներ են առաջանում, քանի որ ԸՕ-ով սահմանված առանձին ժամկետները լիարժեք հստակեցված չեն, և մենք ունենք գործընթացներ, որոնք ավելի շուտ պետք է կատարվեն, բայց դրանց ժամկետներն ավելի ուշ են սահմանված։ Եվ արդյունքում, ընտրությունների կազմակերպման ժամանակ մենք բազմաթիվ հարցերում փորձել ենք գործընթացները նախատեսվածից շուտ կամ ուշ կազմակերպել։
Կարծում ենք, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե ԸՕ-ում այդ ժամկետները ներդաշնակ լինեն և ճիշտ կանոնակարգեն ողջ գործընթացը։ Բացի այդ կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ համապետական ընտրությունների նման, պետք է քարոզարշավին 28 օր հատկացնել։ Քանի որ, կարծում ենք արտահերթ ընտրությունների համար սահմանված քարոզարշավի 14 օրը բավականին կարճ ժամանակահատված է՝ ընտրողներին քաղաքական ուժերի տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու համար»,- ասաց Մուկուչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը