Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն է վարչապետի այն հայտարարության հետ, որ լրատվամիջոցները նախկինում իշխանություններից փող են վերցրել։ «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած ասուլիսին, Մելիքյանը, թերևս, չհամաձայնեց միայն հնչեցված թվերի հետ։ Հիշեցնենք, վարչապետն ասել էր, որ լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Մելիքյանն իր խոսքում նշել է․ «Բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսավորում են ստացել նախորդ իշխանության ժամանակ տարբեր պետական ատյաններից. դրանք եղել են և′ ձևական բնույթի՝ ինչ որ պայմանագրերի հիման վրա, և′ ուղիղ ֆինանսավորում: Հայտնի չէ, թե որոնք են չափանիշները, որ պետական մարմինը հենց այդ ԶԼՄ-ին է ֆինանսավորել: Հրապարակումներ են եղել, որ նույնիսկ սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունն է նման ֆինանսավորում իրականացրել, Երևանի քաղաքապետարանը: Հեղափոխությունից հետո այդ ամենն ի հայտ եկավ»: Ըստ էության, այս կառույցի ղեկավարը, որը կոչված է պաշտպանելու խոսքի ազատությունն ու լրագրողների իրավունքները, նման մեկնաբանությամբ ավելի է խորացնում անհանդուրժողականությունը լրատվամիջոցների նկատմամբ և նսեմացնում է մեդիայի դերը։ Հարց է առաջանում, թե ինչու խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն այդ մասին չէր բարձրաձայնում նախկինում։ Եթե հնչում են նման լուրջ մեղադրանքներ, պետք է ներկայացնել փաստեր ու խոսել անվանական։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ավելի վաղ կոչ էր արել վարչապետին ներկայացնել լրատվամիջոցների անունները, որոնք նախկին իշխանության օրոք կաշառք են վերցրել և պատվեր իրականացրել։ Մեր պահանջն անպատասխան մնաց, նույն հարցով դիմում ենք Աշոտ Մելիքյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը