29 04 2020

ՄԻՊ-ը Գավառում շուրջօրյա դիտարկում է իրականացրել

ՄԻՊ-ը Գավառում շուրջօրյա դիտարկում է իրականացրել

Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը  գործուղվել են Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:

Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:

Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ Գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջեւ։ Կրակոցների հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ռազմական ոստիկանության քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Սակայն դեպքն այսքանով չի ավարտվել։ Դեպքից ժամեր հետո սպանվածների հարազատները գնացել են Գավառի հիվանդանոց եւ ոստիկաններին չենթարկվելով մտել են հիվանդանոց՝ կոտրել պատուհաններ, դռներ ու հիվանդասենյակում դանակահարել նաեւ հրազենային վնասվածք ստացած 2 քաղաքացիներին եւ մեկ անձի։

Մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի ժամանակ եղել է հիվանդանոցում, ոստիկանությունը հերքեց, նշելով, որ ոստիկանապետը եղել է հնչած կրակոցների դեպքի վայրում՝ Ազատության պողոտայում։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ