24 04 2020

Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդական կուսակցություն

Ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ․ Թուրքիայի քրդական կուսակցություն

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականի ապրիլի 24–ին Ստամբուլում 250 հայտնի հայերի, որոնց մեջ են եղել լրագրողներ, պատգամավորներ, ուսուցիչներ, գրողներ, ձերբակալել են եւ ուղարկելով արտաքսման՝ սպանել են, որից հետո «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության որոշումով հազարավոր տարիներ իր հողում ապրած հայ ժողովրդին բռնի տարհանեցին եւ մեծ մասին կոտորեցին։

«Թուրքիան արդեն  105 տարի է՝ չի առերեսվել Հայոց ցեղասպանության հետ։  Ավելին, ցեղասպանության գլխավոր մեղավորների անունները տվել է հասարակական մի շարք վայրերի։

Հայոց ցեղասպանությունը աշխարհում տասնյակ խորհրդարանների կողմից է ընդունվել։ Սակայն այդ ոճրագործության երկրի խորհրդարանը արդեն 105 տարի չի խոսում այդ մասին։ 

Եթե Թուրքիան առերեսվի անցյալի ոճիրների հետ,  ճանաչի ու դատապարտի այն, դա մեծ աջակցություն կլինի հասարակական խաղաղությանը։ Մենք, որպես «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն, այդ առերեսումն ապահովելու համար պայքարելու ենք։

Որպես Անատոլիայի բնիկ ժողովուրդների թոռներ, մենք ամոթով ենք առերեսվում Հայոց ցեղասպանության հետ, կիսում հայ եւ ասորի ժողովուրդների վիշտը։  Տեղի ունեցած մարդկային ողբերգությունը զգում ենք մեր սրտում եւ հարգանքի տուրք ենք մատուցում այդ ժամանակ կոտորված բոլորի հիշատակին»,–նշվել է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ