24 04 2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կիրականացվի «105 ռոյալ» նախագիծը. ԿԳՄՍՆ

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կիրականացվի «105 ռոյալ» նախագիծը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի միջեւ ապրիլի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ: Այն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը եւ «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:

«105 ռոյալ» նախագծի նպատակն է մշակույթի միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել 105 տարի առաջ մարդկության դեմ իրականացված ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության փաստի վրա` ի ցույց դնելով, որ քաղաքակիրթ աշխարհը հաստատակամ է «Այլեւս երբեք» գաղափարի առաջմղման գործում: Նախագծի շրջանակում նախատեսված է ձեռք բերել 105 ռոյալ՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայրենակիցների մասնակցությամբ: Այնուհետեւ, տեղի է ունենալու 105 ռոյալի համերգային կատարում, որից հետո երաժշտական գործիքները նվիրաբերվելու են Հայաստանի ու Արցախի երաժշտական դպրոցներին՝ որպես վերածննդի խորհրդանիշ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Խզմալյանը նշել է, որ «105 ռոյալ» նախագծի մասին խոսվել է դեռեւս մեկ տարի առաջ, եւ գովելի է ծրագրի հեղինակների չնահանջող կամքը, հավատը եւ ծրագիրն իրականացնելու պատրաստակամությունը: «Ծրագրի արդյունքը պետք է տեսնեինք ապրիլի 24-ին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրականացումը հետաձգվում է, հավանաբար, մինչեւ տարեվերջ»,- ընդգծել է Արայիկ Խզմալյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական կլինի: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ բացի խորհրդանշական եւ էմոցիոնալ ներգործությունից, այս ծրագրի առավելությունն ու կարեւորությունը գործնական արդյունքն է: «Մեր երաժշտական, արվեստի դպրոցները, ուսումնարանները, գուցե նաեւ համերգային դահլիճները կհամալրվեն ռոյալներով, եւ սա իրապես կարեւոր աջակցություն կլինի մեր աշակերտներին: «105 ռոյալ» նախագծի կարեւոր ուղերձով մենք հաստատում ենք մեր միասնականությունը, մեր ստեղծարար միտքը, ապրելու եւ արարելու մեր կամքը»,- եզրափակել է նա:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ մեծ է նախագծի խորհրդանշական իմաստը՝ մշակույթի միջոցով հիշել մեր մեծագույն ողբերգությունը եւ հարգել անմեղ զոհերի հիշատակը: «Մենք աշխարհին ենք ներկայանում մեր միասնականությամբ. Հայաստանի եւ սփյուռքի կազմակերպությունների միասնական ջանքերով ձեռք են բերվելու 105 ռոյալներ, ինչն արդյունքում բերելու է նոր կրթամշակութային որակի ամրապնդման»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը եւ հավելել, որ արտերկրում շատ համայնքներ մեծապես ոգեւորված են նախագծի իրականացմամբ:

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ եւ ՀՀ ԱԳ նախարարություններին՝ «105 ռոյալ» նախագծի իրականացմանն ուղղված մեծ աջակցության համար եւ ընդգծել, որ նախագիծը մեր ժողովրդի տոկունությանն ու միասնականությանը միտված յուրատեսակ ուղերձ է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ