Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 հազար դրամից դարձնել 200 000 ՀՀ դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները նաեւ օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության վերականգնման և հանգստի կազմակերպման համար առողջարանային բուժման ուղեգրեր ստանալուց, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով` 50 տոկոս զեղչով) արտոնյալ պայմաններով երթևեկելուց:
Նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների (01.03.2020 թ. դրությամբ 287 անձ) ամենամսյա պատվովճարի չափը 100 000 դրամով ավելացնելու դեպքում` մեկ տարվա հաշվարկով պետական բյուջեից անհրաժեշտ կլինի 344,4 մլն դրամ լրացուցիչ գումար, որը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ:
Նախագծի հեղինակը կարող է պատվովճարի չափի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով`քննարկելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը