168.am-ը գրում է․ «Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեսքստիլի աշխատանքը, այսօր եկել են աշխատանքի, բայց քանի որ դեռ պարետի համապատասխան որոշումը չկա, ոստիկանները մտան արտադրամաս ու տուգանեցին աշխատակիցներին՝ 100-հազարական դրամներով, քանի որ նրանք չունեին գործատուի կողմից տրված աշխատանքային թերթիկ:
168.am-ի հետ զրույցում ասաց «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատիոն Դարբինյանը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ 2600 աշխատակից ունեցող հիմնարկ է սա, աշխատողները լսել են վարչապետի ուղիղ եթերը, թե ամսի 20-ից սահմանափակումները մեր մասով հանվելու են, ու այսօր եկել են աշխատանքի: Չկարողացա նրանց արտադրամասից դուրս հանեմ, ասում են՝ թող աշխատենք, որ հացի փող վաստակենք: Ոստիկաններն էլ եկան, թե՝ աշխատանքային թերթիկներ չունեք, ու տուգանեցին՝ իհարկե, ոչ բոլորին, մոտ 20-30 հոգու: Անելանելի վիճակ է ստեղծվել. մի կողմից՝ աշխատողները պահանջում են, որ աշխատեն, մյուս կողմից՝ պարետի այդ որոշումը դեռ չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց Դարբինյանը:
Նրա խոսքով՝ կարի ֆաբրիկայի 2600 աշխատողը չի վճարվել հարկադիր պարապուրդի համար:
«Փող ունե՞նք, որ վճարենք. ֆորսմաժորային իրավիճակ է, չաշխատած օրերի համար չենք վճարել, դրա համար 80-120 հազար դրամ ստացող աշխատակիցների համար ամեն մի օրն էլ շատ կարևոր է: Ես հասկանում եմ ֆաբրիկայի աշխատակիցներին, որոնք ուղղակի ճար չունեն, բայց կրկնում եմ՝ պետք է սպասենք պարետի որոշմանը, այլ բան չեմ կարող անել»,- ասաց մեր զրուցակիցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը