Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե որ աշխատակիցներն են ազատվել աշխատանքից, եւ ովքեր կփոխարինեն նրանց։
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ եւ անձնվեր աշխատանքի համար։
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաեւ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եւ հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Առաջիկայում Խորհուրդը կձեւավորի մրցութային հանձնաժողով եւ կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- ասվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը