Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարությանը, որտեղ նրանք նշել էին, որ դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական փոփոխությունների վերլուծությունից արձանագրել են, որ սրանով իշխանությունը հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգ կատարելուց:
Լուսինե Մարտիրոսյանը նշել է. «Այն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որն արժանացել է թե՛ միջազգային հանրության, թե՛ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հայտարարությունում նշված ՀԿ-ների դրական արձագանքին։ Ավելին, Դատական օրենսգրքի կարգավորումները ևս երկար ժամանակ հանրային քննարկում են անցել և նման դիրքորոշում չենք ստացել, հետևաբար այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը չենք կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված։
Հ․Գ․1. Հիշեցնեմ, որ որոշ հարցեր օրեր առաջ արդեն իսկ պարզաբանել էինք՝ http://moj.am/article/2703
Հ․Գ․ 2. Բազմիցս նշել ենք, որ որոշ առաջարկվող կարգավորումներ հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում»:
Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամը» պահանջներ էր ներկայացրել կառավարությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը