Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, նույն օրը ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին՝ համավարակի այս դժվարին պայմաններում, նվիրական այս օրը իրենց տներում աղոթակից լինել հոգևոր դասին և միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը