Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեկնաբանելով այս օրերին քննարկվող ամենատարածված թեմաներից մեկը, թե կորոնավիրուսի թեստավորմանը զուգընթաց՝ չիպեր են տեղադրվում մարդկանց օրգանիզմում, նշում է, որ այդ խոսակցությունները զավեշտալի են։
«Պետք է ողջամիտ լինենք, պետք չէ ամեն վախենալու երևույթներին հավատալ», ասել է մեդիափորձագետը, նշել, թե մարդիկ խոսում են նաև պատվաստման ընթացքում չիպավորման մասին: «Նախ պատվաստանյութը գուցե մեկ տարի հետո ստեղծվի։ Չիպավորման և կոդավորման մասին խոսակցությունները վաղուց կան, ինչպես օրինակ, երբ սոցքարտը ներմուծվեց Հայաստան, ասում էին, որ սա ևս չիպավորման համար է», հիշեցրել է Սամվել Մարտիրոսյանը, վստահեցրել, որ չիպավորման մասին խոսակցություններ պարբերաբար ծավալվում են, և կորոնավիրուսի տարածումն առիթ էր, որ նման խոսակցությունները դարձյալ տարածվեն:
«Կան արդյո՞ք չիպավորելու հնարավորություններ, կամ հնարավոր է արդյո՞ք մարդու մեջ ռոբոտներ մտցնել, որ նա չիմանա: Այս խոսակցություներն արդեն տարօրինակ չեն, այլ զավեշտալի են, որովհետև ձեզ վերահսկելու համար արդեն վաղուց ավելի հեշտ և էժան գործիքներ կան»,-ասել է նա եւ օրինակ բերել բջջային հեռախոսները:
Մեդիափորձագետը նշում է՝ հեռախոսը՝ հենց այդ չիպն է, որոնցով մարդիկ պարբերաբար տեղեկացնում են օպերատորին իրենց գտնվելու վայրի մասին, ակամա հայտնում են, թե ում են զանգել եւ այլ մանրամասներ: «Հենց հիմա էլ այդ համակարգը գործում է, որպեսզի բացահայտեն վարակակիրներին և նրանց հետ շփում ունեցողներին, և հեչ պետք չէ մարդկանց տարբեր խոռոչներից չիպեր «ներմուծել»», ասել է մեդիափորձագետը, բերել նաեւ սոցիալական հարթակի օրինակը։
Ըստ նրա՝ նույնիսկ ֆեյսբուքյան էջ ունենալն արդեն բավարար է, որպեսզի ասեն՝ ոչ մի չիպ պետք չէ, քանի որ այն ամբողջությամբ հսկողության տակ է վերցնում մարդու բոլոր քայլերը:
«Տեսախցիկները ևս, մեզ կարող են հսկել: Դեռ Հայաստանում այս ամենը բարվոք վիճակում է, մեր օրենսդրությունը մեզ պաշտպանում է, որովհետև մենք դեմոկրատական երկիր լինել ենք ուզում: Բայց կան երկրներ, որտեղ այս չիպավորում ասվածը պետք չէ և այն գործում է ավելի հստակ ու կոնկրետ»,- ասել է նա:
Սամվել Մարտիրոսյանը վստահեցրել է, որ չիպերից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առկա համակարգերից, որոնք անվերահկելի են աշխատում: «Պետք չէ պարանոիդալ վիճակների մեջ ընկնել», խորհուրդ է տվել մասնագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը