Երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա թվարկեց այն ոլորտները, որտեղ ամբողջությամբ կթույլատրվի գործունեությունը. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Նաեւ որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաեւ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը:
Իսկ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակաշրջանում մենք նաեւ կբացենք հագուստի արտադրությունը, տեքստիլի ոլորտը կփորձենք բացել: Տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք: Գիտական հետազոտություններ եւ մշակում ոլորտը թույլ կտանք աշխատելու»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև նշց, որ ամենառիսկային խումբը հագուստի արտադրություն, տեքստիլի ոլորտն է, որովհետեւ հիվանդների ամենամեծ թվերը եղել է տեքստիլ արտադրությունը:
«Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն եւ առաջիկայում ավելի մանրամասն խորհրդակցություններ կանցկացնենք տեքստիլ ոլորտի մեր գործարարների հետ, որպեսզի նրանց ցույց տանք, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ ենք նախատեսել, որ իրենք կարողանան արտադրությունը կազմակերպել»,-ընդգծեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը