10 04 2020

Խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

Խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջև 2017թ փետրվարի 14-ին և 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180մլն ՀՀ դրամ։

Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։ ​ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․մի առևտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ: Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի և կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետևություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առևտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։ ​Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաև, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։ ​

Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5մլն ՀՀ դրամ։ ​ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերևույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու և կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։ Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ և ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերևութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ