07 04 2020

Բազմաթիվ կանայք ուսերին կրում են ճգնաժամի առաջացրած դժվարությունները․ Փաշինյան

Բազմաթիվ կանայք ուսերին կրում են ճգնաժամի առաջացրած դժվարությունները․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեկցության տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում:

Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման:

Շատ դեպքերում ճգնաժամի պատճառով ավելի են սրվել նախկինում գոյություն ունեցած խնդիրներն ու բարդությունները՝ բազմաթիվ մայրերի, դուստրերի, կանանց ու քույրերի դնելով առանձնահատուկ խոցելի վիճակում եւ կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար: 

Բայց առավել եւս այս պայմաններում հարկ եմ համարում ընդգծել՝ մայրությունն ու գեղեցկությունը մեզ համար միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն:

Մենք հավատում ենք, որ նաեւ մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաեւ առաջնորդության հատկանիշներ են եւ մենք այսօր փառաբանում ենք մայրության եւ գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը:

Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր հեռավար կրթության պայմաններում շարունակում են ուսուցչական իրենց առաքելությունը:

Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր ամենօրյա աշխատանքով ապահովում են մեր պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեությունը:

Մայրությունը եւ գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները:

Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով եւ խոնարհվում ենք ձեր առաջ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ