06 04 2020

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը խոշտանգում է

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը խոշտանգում է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ինչպես հայտնի է, օրերս, կոնկրետ՝ ապրիլի 3-ի առավոտյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո, տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (ավելի հայտնի, որպես «ԱԱԾ նկուղ»): Պարզ ասած՝ գործող իշխանությունը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը վերստին գտնվի կալանավայրում: 

Այս տեղափոխման վերաբերյալ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական թիմի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել կոնկրետ հայտարարություններով, որոնց հիմնական շեշտադրումն այն է, որ առկա ու ծավալվող համաճարակային իրավիճակում առնվազն նպատակահարմար ու արդարացված չէր երկրորդ նախագահին վերստին կալանավայր տեղափոխելը, ինչը կարող է վտանգել նրա առողջական վիճակը: Առավել ևս, որ, ինչպես ընդգծել էին փաստաբանները, արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում: Այդ ամենը հաշվի առնելով, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում:

Նկատի ունենալով այն, որ այսօր արդեն ապրիլի 6-ն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի մեկուսարանում, Փաշինյանի գլխավորած իշխանությունը կարծես մտադրություն չունի լսել փաստաբանների զգուշացումներն ու ահազանգերը: Դժվար չէր ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նաև անձնական քինախնդրությամբ պայմանավորված անօրեն հետապնդում իրականացնող իշխանությունն ու անմիջականորեն Նիկոլ Փաշինյանը, առնվազն չլսելու էին տալու և տալիս բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք վերաբերվում են Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուն: Եվ որքան ավելի է երկարում այս «պատմությունը»՝ երկրորդ նախագահին ներկայացված անհեթեթ մեղադրանքներով շինծու «գործի» դատա-չվարությամբ հանդերձ, այնքան ավելի են արմատավորվում այն համոզմունքներն ու գնահատականները, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական կալանավոր կամ քաղբանտարկյալ: 

Ավելին, ընդգծվում է այն տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր «կամանդը», եթե մի միլիգրամ վստահ լինեն, որ դա իրենց կներվի կամ «կմարսեն», կես վայրկյան անգամ չեն վարանի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հարցում: 

Լավ, փաստաբանները կատարում են իրենց մասնագիտական պարտքը, բնականաբար, համարվում են շահագրգիռ կողմ: Սակայն ոչ մի դեպքում չես կարող ասել, թե օրինակ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը որևէ երկրում որևէ «գործով» շահագրգիռ կողմ է: Նա, ի դեպ, նույնպես իր մասնագիտական պարտքն է կատարել և հանդես է եկել հայտարարությամբ 

որով Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններին կոչ է արել պաշտպանել COVID-19 համաճարակի ընթացքում բանտում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու առողջությունը:

«Ես խստորեն կոչ եմ անում անդամ բոլոր պետություններին՝ կիրառել կալանքի բոլոր հնարավոր այլընտրանքները՝ հնարավորության դեպքում և առանց խտրականության»,-նշված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ: 

Ի մասնավորի, նշվում է նաև, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն կալանավորված անձանց, որոնք ունեն առողջական խնդիրներ՝ տարեցներ, որոնք հասարակության համար վտանգ չեն ներկայացնում և այլն: 

Ասվածն, իհարկե, միանգամից մի քանի հատկանիշներով, կիրառելի է վերստին կալանքի պայմաններում պահվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Ակնհայտ է և՛ առողջական խնդրի հատկանիշը (մարդը նոր է «դուրս գրվել» հիվանդանոցից), և՛ տարիքի պահը, և՛ հատկապես այն, որ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Ավելին, չկա կալանք կիրառելու դեպքում հիմնական համարվող հանգամանքներից մեկը՝ արդարադատությունից խուսափելու մղումը: Ռոբերտ Քոչարյանը, ու մեկ անգամ չէ, որ դա նա ընդգծել է և՛ հայտարարութամբ, և՛ թե իր գործելակերպով ու իր անցած ճանապարհով և կենսագրությամբ, ո՛չ փախել է, ո՛չ էլ փախչող է: Ավելի շուտ նրան այսօր մեղադրողները կփախչեն ու կձգտեն խուսափել պատասխան տալուց, բայց ոչ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը:  

Նկատենք նաև, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի «խստորեն կոչ» անելը գրեթե ուղղակի հորդոր է: Մնում էր, երևի, որ անհատապես կամ անուն-ազգանունով նշեր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նույնիսկ այս վիճակում կիրառվող կալանքի հետ կապված «թավշապետերը» տեղից շարժվեին: 

Բայց կհետևե՞ն Եվրոպայի խորհրդից ուղղակիորեն արվող այդ կոչերին Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակայության տակ դրված դատաիրավական համակարգ ասվածի ներկայացուցիչները: Խիստ կասկածելի է: 

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը քաղաքական է: Նրա նկատմամբ կիրառվող կալանքը, որ արդեն խոշտանգման է նմանվում, իրականացվող հետապնդումը նույնպես քաղաքական են: Իսկ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական շահախնդրությունները միշտ ամեն ինչից վեր է դասում: Նա, նույնիսկ վարակի տարածման նախնական շրջանում չէր ուզում դադարեցնել նախաձեռնած հանրաքվեի քարոզարշավը, և տեղի տվեց միայն երբ բանն սկսեց բանից անցնել: 

Մեծ հաշվով, Ռոբերտ Քոչարյանը պատանդ է վերցված (մարդուն կալանավորել են, անհեթեթ մեղադրանքներ ներկայացրել, ոչ դատ են անում, ոչ էլ), իսկ իշխանություն կոչվածն էլ իրեն պատանդառուի պես է պահում: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ