03 04 2020

Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանում դեռ երկար ու երկար տարիներ կմոռանան ուժով խնդիրը լուծելու մասին. Top-News.am

Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանում դեռ երկար ու երկար տարիներ կմոռանան ուժով խնդիրը լուծելու մասին. Top-News.am

Top-News.am-ը գրում է.  Երբ կարողանում ես երկուսուկես ժամ փաստավավերագրական ֆիլմ նայել, ավելին, չնկատել, թե ժամանակն ինչպես է անցնում, նշանակում է ոչ միայն ֆիլմի թեման է հետաքրքիր, այլ նաեւ, որ այն ստացվել է բոլոր առումներով: Այդպիսին է Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը, որը փոքր ուժերով, բայց բարձր պրոֆեսիոնալիզմով ստեղծեվել է ընդամենը հինգ ամսում:

Այս ֆիլմն, իհարկե, նաեւ մեզ համար է, բայց այն ավելի շատ եկող սերունդների համար է: «Հաղթանակի ապրիլը» դիտողն ամբողջական եւ անաչառ պատկերացում կկազմի այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել 2016-ի ապրիլի առաջին օրերին:

Վերջապես ամենակարեւորը, կարծում եմ որեւէ մեկն այլեւս չի համարձակվի պնդել, թե մենք պարտվել ենք կամ անհաջողության մատնվել: Երբ 18-20 տարեկան տղաներն իրենց հրամանատարների հետ միասին հետ են շպրտում թշնամու լավ կազմակերպված եւ էլիտար ստորաբաժանումների հարձակումը, երբ թշնամին բառիս բուն իմաստով մի քանի մետր առաջ գալու համար տալիս է ավելի քան վեց հարյուր զոհ, ապա պարտության մասին կարող են խոսել միայն մեր ազգի հակառակորդներն ու թշնամիները:

Հարություն Հարությունյանը կարողացել է դեպքերի մասնակիցների խոսքն այնպես ներկայացնել, որ ֆիլմում ոչ մի ավելորդ բառ, միտք չի հնչում: Ավելին, ֆիլմում հեղինակի խոսք չի հնչում: Սա եւս հետաքրքիր եւ ինքնատիպ լուծում է: Իսկ մեր գեներալները, հրամանատարները, շարքային զինվորները այնպես են ներկայացնում տեղի ունեցածը, որ հասկանում ես, թե ինչ լուրջ եւ բարդ աշխատանք են իրենք իրականացրել նման բանակ ունենալու եւ նման հարձակումները հետ շպրտելու համար:

Անկասկած, ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանում դեռ երկար ու երկար տարիներ կմոռանան ուժով խնդիրը լուծելու մասին, բայց դրա համար պետք է շարունակել այն գործը, որը սկսվել է տասնամյակներ առաջ: Դրա համար պետք է Արցախն ազատագրողները, ապրիլյանի հերոսները ոչ թե կանչվեն հարցաքննության կամ խորհրդարանի, այսպես կոչված, ապրիլյան հանձնաժողովի տարօրինակ հարցերին պատասխանեն, այլ ներգրավվեն բանակի հզորացման եւ կատարելագործման գործին:

Հարություն Հարությունյանի ֆիլմը բազմաթիվ շահարկումների է վերջ է տալու, նրա ֆիլմը բազմաթիվ հարցերին տվեց սպառիչ եւ վերջնական պատասխան: Փայլուն ձեւով է ներկայացված նաեւ կամավորների ժամանումը Արցախ: Բնականաբար, նման քաղաքացի ունեցող երկիրը հաստատ չի պարտվի, եթե ...

Ի վերջո, հուսանք, որ այս ֆիլմից հետո կլռեն, այսպես կոչված ութսունականների զենքի եւ ութ հարյուր հեկտարի մասին անդադար խոսողները: Հուսանք:

Իսկ ապրիլյան պատերազմի օրերին զոհված 12-ամյա Վաղինակի դասընկերոջ խոսքը ֆիլմի ամենահուզիչ հատվածներից է, եթե ոչ ամենահուզիչը: Ընկերոջ մահը նրա աչքերին միշտ պատկերված է լինելու: Նա դրանով է ապրելու: Եւ մեր բոլորի խնդիրն է անել այնպես, որ այլեւս նման սարսափ մեր երեխաները չտեսնեն: Իսկ դրա համար ընդամենը պետք է երկիր զարգացնել, փոխենք առկա բարոյահոգեբանական վիճակը, դադարենք երկիրը ներսից քայքայելու գործընթացը:

«Հաղթանակի ապրիլը» մոնումենտալ գործ է եւ կարծում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գոնե մտքում շնորհակալ լինի այս կինոնկար ստեղծողներից եւ ապրիլին թշնամու առաջխաղացումը կասեցրած մեր հերոսներից: Այս ֆիլմը դիտելը պարտադիր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ