25 03 2020

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

 

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական էջից։

Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործչի հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատների` այս տարի ձեռնպահ մնալ Պանթեոն այցելությունից, մնալ տանը և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել` աղոթելով նրա հոգու հանգստության համար:

ՀՀԿ-ն կոչ էր արել մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ